2016 Օգս 21, Կիրակի 12:00
Տավուշի «Հոգևոր վերածնունդ» հիմնադրամը օգոստոսի 21-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացրեց 5-րդ ամենամյա «Մեղրի և հատապտուղների փառատոն»-ը։ Փառատոնը տարածաշրջանի (այն ներառում է Բերդ քաղաքը և հարակից 16 գյուղերը) յուրահատուկ միջոցառումներից է, եթե ոչ միակը, որը 1-2 օրով փոխում է առկա մթնոլորտը՝ տոն դարձնելով տեղի բնակչության առօրյան։
«Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ համերգային ծրագրով հանդես եկավ այդ փառատոնի շրջանակներում: Սա բացառիկ հնարավորություն էր՝ լսել ազգային երաժշտություն բաց երկնքի տակ և մասնակից լինել ամենամյա փառատոնին:
-Բերդ քաղաքը Հայաստանի համար ճակատագրական վահան է հանդիսանում թշնամիների դեմ: Մեզ բոլորիս համար մեծ պատիվ է այս հողի վրա մեր հայրենակիցների համար հանդես գալը: Հատուկ շնորհակալություն Արևիկ անունով մի աղջկա, ում շնորհիվ այս կապը ստեղծվեց:
Այս միջոցառմանը, որը տոնվում է ամեն տարի, մասնակցելը մեր առաքելության մի մասն է կազմում: «Նարեկացի» նվագախումբը Արտեմ խաչատուրի գլխավորությամբ մեկ ժամ տևողությամբ ելույթով ձեզ կմատուցի մաքուր, զուլալ, ջինջ հայկական ժողովրդական մեղեդիներ: Վայելե՛ք…, - ասաց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը: